Աղբահանության կազմակերպման խնդիրները քննարկվեցին Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի բնակիչների կողմից

Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի 6 խոշորացված համայնքների բնակիչները քննարկեցին աղբահանության կազմակերպումն իրենց համայնքներում՝ հայտնելով իրենց կարծիքներն ու մտահոգություններն ու կատարելով իրենց առաջարկները: Քննարկման արդյունքները համապատասխան մեթոդաբանությամբ մշակվելուց հետո զեկույցների տեսքով ներկայացվելու են պատկան մարմիններին, ինչը նրանց թույլ կտա ստանալ մասնագիտական մշակում անցած հետադարձ կապ՝ որոշումների կայացման գործում քաղաքացիների կարծիքը հաշվի առնելու և մատուցվող ծառայություններից հնարավորինս բարձր բավարարվածություն ապահովելու համար:

«Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի շրջանակներում Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցան «Town Hall» ձևաչափով քննարկումներ՝ համայնքներում աղբահանության կազմակերպման վերաբերյալ: Յուրաքանչյուր մարզում կազմակերպվեց մեկական  քննարկում, որին մասնակցեց տվյալ մարզից  ընդգրկված ավելի քան 100 բնակիչ՝ ապահովելով առավելագույն ներկայացվածություն համայնքներում ներառված բոլոր բնակավայրերից:

«Town Hall» ձևաչափը քննարկումների հատուկ մշակված մոդել է, որը թույլ է տալիս մասնակիցներին հայտնել իրենց կարծիքներն ու մտահոգությունները քննարկվող խնդրի շուրջ, ինչպես նաև կատարել առաջարկություններ: Խմբերի բաժանված մասնակիցները պրոֆեսիոնալ ֆասիլիտատորների օգնությամբ քննարկում են թեմայի շուրջ առաջարկված սցենարները, հնչված բոլոր մտքերը գրանցվում են, իսկ քննարկման ավարտից հետո յուրահատուկ մեթոդաբանությամբ մշակվում և վերլուծվում՝ կիրառելի արդյունքների ստացման համար: «Town Hall» ձևաչափը Հայաստանում ներդրվել է Մարդկային Զարգացման Միջազգային կենտրոնի կողմից, ու քննարկումը անցկացվեց հենց տվյալ կազմակերպության պրոֆեսիոնալ թիմի կողմից:

Քննարկումներում ներգրավված էին խոշորացված համայնքների տարբեր բնակավայրերի, տարբեր սեռատարիքային կազմի, տարբեր զբաղվածության քաղաքացիներ, ինչպես նաև համայնքների ավագանիներ, համայնքնապետարանի աշխատակիցներ, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ: Քննարկման առարկա էին աղբահանության ոլորտում ՏԻՄ աշխատանքների ներկայիս արդյունքներն ու բնակչության բավարարվածության մակարդակը, հնարավոր բարելավման ուղիները, աղբահանության կազմակերպման եղանակները և դրանց արդյունավետությունը, ոլորտի հետ կապված շատ այլ հարցեր:

Սեղանների շուրջ բավական տաքացած քննարկում է: Սա արդյունք է նրա, որ մեր երկրում երկար ժամանակ հնարավորություն չի եղել մարդկանց ներգրավել իրական երկխոսության մեջ: Այդ երկխոսելու մշակույթը պետք է նման եղանակներով աստիճանաբար ներմուծել»,-նշեց ՄԶՄԿ գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը:

«Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի շրջանակներում 6 խոշորացված համայնքներում իրականացվել է ՏԻՄ կողմից մատուցված աղբահանության կազմակերպման, լուսավորության ապահովման և ներհամայնքային ճանապարհների սպասարկման ծառայությունների մոնիթորինգ: Մոնիթորինգը ներառել է բնակիչների դեմ առ դեմ հարցումներ, դիտարկում, չափումներ, լաբորատոր հետազոտություններ, որոնց նպատակն է եղել պարզել վերոնշյալ ծառայությունների մատուցման ներկա մակարդակը, ինչպես նաև բնակչության բավարարվածության աստիճանը: Մոնիթորինգի արդյունքները ներառվել են զեկույցներում, որոնք առաջիկայում կներկայացվեն հանրությանը: Մոնիթորինգի, ինչպես նաև «Town Hall» քննարկումների արդյունքում ձևավորված առաջարկները կուղարկվեն պատկան մարմիններին՝ տվյալ ծառայությունների մատուցման որակը բարձացնելու համար:

«Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագիրն իրականացնում է «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ իր գործընկերներ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և «Տեղեկատվական համակարգերի զարգացման եվ վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում:

Ծրագրի բյուջեն կազմում է 24 միլիոն 986 հազար ՀՀ դրամ, որից 22 միլիոն 516 հազար դրամը տրամադրվել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից: Ծրագրի տևողությունն է` 2018թ. հունիսի 1-ից մինչև 2019թ. մայիսի 31-ը:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆիանսավորվում է Եվրոպական միության կողմից: