Գյումրու հինգ փողոցներում իրականացված մասնակցային մոնիտորինգի և մշտադիտարկման արդյունքներ

Մոնիտորինգի ենթարկված փողոցների ընտրություն: Ներկայումս Գյումրի քաղաքում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում (նախատեսվում են իրականացվել) շուրջ 12 փողոցներում և երեք հրապարակներում: Որպես կապալառու կազմակերպություններ մրցութային կարգով ընտրվել են երեք շինարարական կազմակերպություններ՝ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, «Սիսիանի ԲՈՒՍՏ» և «Վահագն և Սամվել» ՍՊԸ-ն, և «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ-ն և «Էլեկտրասերվիս» ՍՊԸ համատեղ ձեռնարկությունը: «Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհների Գյումրիում» ծրագրի շրջանակներում մշտադիտարկվել են բոլոր շինարարական կազմակերպությունների աշխատանքները՝ մշտադիտարկման ենթակա փողոցների ցանկում ներառելով այս կազմակերպությունների կողմից իրականացվող առնվազն մեկ փողոց:

Մոնիտորինգի իրականացման համար ընտրվել են հինգ փողոցներ՝ «Մուշ 2 թաղամասին մոտեցող ճանապարհը», «Ջիվանի», «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ» փողոցները և «Երևանայան խճուղին»: Ընտրությունը կատարվել է այն սկզբունքով, որ ներառված լինեն Գյումրու պատմական միջուկում տեղեկայված փողոցները և առնվազն մեկ ծայրամասային փողոց, որտեղ ներկայումս զուգահեռ իրականացվում են ճանապարհաշինարարական աշխատանքներ (Աղյուսակ 1):

Աղյուսակ 1 Մոնիտորինգի ենթարկված փողոցները և շինարարության սահմանված ժամկետները

Վերակառուցման ենթակա փողոց Շինարարական կազմակերպություն Շինարարական աշխատանքների սկիզբ և ավարտ
Երևանայան խճուղի «Մերձմոսկովյան» ԲԲԸ 24.07.2018-18.02.2019
Գարեգին Նժդեհ «Սիսիանի ԲՈՒՍՏ» և «Վահագն և Սամվել» ՍՊԸ 24.07.2018- 18.02.2019
Ջիվանի «Մերձմոսկովյան» ԲԲԸ 04.07.2018-02.01.2019
Վազգեն Սարգսյան «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ և «Էլեկտրասերվիս» ՍՊԸ համատեղ ձեռնարկություն 02.08.2018-27.02.2019
Մուշ 2-ին մոտեցնող ճանապար «Մերձմոսկովյան» ԲԲԸ 24.07.2018-21.11.2018

 Դաշտային աշխատանքներ և մոնիտորինգային այցերի քանակ: Դաշտային աշխատանքներն իրականացվել են 2018 թվականի հոկտեմբերի 10-ից մինչ 2018 թվականի նոյեմբերի 15-ը: Դաշտային աշխատանքներում ներգրավված են եղել 15 քաղաքացի-մոնիտորներ: Ընդհանուր առմամբ, շինարարության իրականացման յուրաքանչյուր հատվածում կատարվել է դաշտային աշխատանքների իրականացման ընթացքում շաբաթական 2 այց՝ մոնիտորինգային խմբի կողմից: Ընդհանուր առմամբ, իրականացվել է 15 այց:

Մոնիթորինգային ցուցանիշներ: Մոնիտորինգի համար սահմանվել են հետևյալ ցուցանիշները`

Ցուցանիշ A: իրականացված 100 մետր ճանապարհի համար բացահայտված ընդամենը խնդիրների քանակ –A = B/L (A=շեղումների գործակից, B — բացահայտված խնդիրների քանակ, L – իրականացված ճանապարհի երկարություն):

Խնդիր է համարվում սահմանված շինարարական նորմատիվային չափորոշիչներից շեղումը, շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության դեպքերը, հանրային առողջության և անվտանգության վրա բացասական ազդեցության դեպքերը:

Ցուցանիշ A1: իրականացված 100 մետր ճանապարհի համար բացահայտված ընդամենը խնդիրների քանակ, որոնք վերաբերում են որակի նորմերին — A1 = B1/L (A1=նորմատիվային շեղումների գործակից, B — բացահայտված խնդիրների քանակ, որոնք վերաբերում են որակի նորմերին, L – իրականացված ճանապարհի երկարություն)

Ցուցանիշ FR: Լուծման գործակից (Fixed rate)–FR =R/B*100% (FR – լուծման գործակից, R – արձանագրված խնդիրների քանակ, որոնք լուծվել են  ի օգուտ բոլոր շահառուների, B բացահայտված խնդիրների քանակ): Լուծման ցուցանիշը մշտադիտարկողների կողմից բացահայտված խնդիրների տոկոսն է, որոնք լուծվել են ի բավարարություն բոլոր շահառուների:

Շինարարական աշխատանքների ընթացքում նորմատիվային պահանջների պահպանման մշտադիտարկման արդյունքներ

Վազգեն Սարգսյան փողոցում մոնիթորնգային 3 այցերի ընթացքում իրականացվելիս են եղել եզրաքարերի տեղադրման և hիմնական երթևեկելի մասում հողային հիմքի ամրացման աշխատանքներ: Եզրաքարերի տեղադրման հետ կապված նորմատիվային և նախագծային պահանջները հիմնականում պահպանված են եղել, բացառությամբ մեկ դեպքի, երբ իրականացվող մայթի եզրաքարերի ստորին շերտերի լայնությունը պակաս է եղել սահմանված նորմատիվից 15սմ-ով: Որոշ դեպքերում իրականացվող մայթի եզրաքարերի ստորին շերտերի հաստությունները և լայնությունները նույնիսկ գերազանցել են սահմանված նվազագույն շեմերը:

Այս տարածքում արձանագրված հիմնական խնդիրը վերաբերում է շինարարական աշխատանքների իրականացման հետևանքով վարորդների և բնակիչների ազատ տեղաշարժի խոչընդոտների առաջացումը, որոնք պայմանավորված են շինարարական աղբը և հողի հեռացված շերտը մայթերին և փողոցի երթևեկելի հատվածում կուտակելուց: Այս տարածքում արձանագրված խնդիրներից են եղել նոր իրականացվող սալիկների թվում առկա վնասված և ոչ պիտանի սալիկների հայտնաբերումը:

Բացի այդ, առաջին իսկ անձրևային տեղումներից հետո Վ. Սարգսյան փողոցի մայթերի որոշ հատվածներում մայթեզրերըքանդվել են՝ առանձնանալով բետոնե շերտից:

Նկար 2. Վ. Սարգսյան փողոցի քանդված մայթեզրերը

Գարեգին Նժդեհ փողոցում մոնիթորնգային 2 այցերի ընթացքում իրականացվելիս են եղել ջրահեռացման վաքերի կառուցման և եզրաքարերի տեղադրման աշխատանքներ:

Այստեղ նույնպես հիմնականում պահպանված են եղել սահմանված նորմերը, որոշ դեպքերում իրականացվող մայթի եզրաքարերի ստորին շերտերի հաստությունները և լայնությունները պակաս են եղել սահմանված նորմերից 1 սմ-ով, իսկ իրականացված մեկ չափման դեպքում՝ 9սմ-ով:

Նոր իրականացվող եզրաքարերի և սալիկների թվում առկա չեն եղել վնասված և ոչ պիտանի եզրաքարեր և սալիկներ:

Նկար 3. Գ. Նժդեհ փողոց

Մոնիտորինգի ընթացքում, սակայն, քաղաքացի-մոնիտորների կողմից փողոցի մի շարք հատվածներում նկատվել են մայթեզրերի սալիկների ու բետոնե շերտի ամջատում՝ փշրվող բետոնի պատճառով:

Մուշ-2 թաղամասին մոտեցող ճանապարհում մոնիտորնգային այցերի ընթացքում իրականացվելիս են եղել եզրաքարերի տեղադրման աշխատանքներ: Այստեղ իրականացված որոշ չափումների դեպքում պահպանված չեն եղել իրականացվող մայթի եզրաքարերի ստորին շերտերի համար սահմանված հաստությունները և լայնությունները: Արձանագրված շեղումները կազմել են 1-5 սմ: Ինչ վերաբերում է նոր իրականացվող եզրաքարերն, ապա դրանց թվում առկա չեն եղել վնասված և ոչ պիտանի եզրաքարեր: Մուշ-2 թաղամասին միացնող հատվածը միակ փողոցն է եղել, որի շինարարական աշխատանքները ավարտին են հասցվել մոնիտորինգի ընթացքում և հնարավորություն է եղել ստուգել նաև ասֆալտե շերտի որակը:

Նկար 4. Մուշ-2 թաղամասին միացնող հատված

Երևանյան խճուղում կատարած 5 մոնիթորինգային այցերի ընթացքում իրականացվելիս են եղել հիմնական երթևեկելի մասում երկշերտ ասֆալտաբետոնի իրականացման և եզրաքարերի տեղադրման աշխատանքներ: Այստեղ հիմնականում պահպանված են եղել սահմանված նորմատիվային պահանջները, առանձին փոքր դեպքերում արձանագրվել են 1-3 սմ շեղումներ: Միևնույն ժամանակ, արձանագրվել են դեպքեր, երբ իրականացված շերտերի հաստությունները գերազանցել են սահմանված նորմերը 1 կամ 3 սմ-ով: Պահպանված է եղել նաև իրականացվող ասֆալտի ջերմաստիճանի համար սահմանված նորմը: Նոր իրականացվող եզրաքարերի թվում առկա չեն եղել վնասված և ոչ պիտանի եզրաքարեր:

Քանի որ Երևանյան խճուղին քաղաք մտնող մայրուղիներից մեկն է, և քաղաքի ծանրաբեռնված փողոցներից մեկն է, այս տարածքի շինարարության ընթացքում և՛ վարորդներից, և՛ բնակիչներից, և՛ անցորդներից անընդհատ դժգոհություններ են հնչել, որոնք հիմնականում վերաբերել են շինարարության ընթացքում վերջիններիս պատճառած անհարմարություններին: բացի այդ, ճանապարհային երթևեկության նշանները, որոնք տեղադրվել են՝ պայմանավորված փողոցի շինարարական աշխատանքներով, երբեմն տեղադրվել են ոչ ճիշտ վայրում, կամ ոչ թույլատրելի հեռավորության վրա, ինչի պատճառով վարորդներին անհարմարություններ են պատճառվել:

Ջիվանի փողոցում կատարած մոնիտորնգային այցերի ընթացքում իրականացվելիս են եղել հիմնական երթևեկելի մասում երկշերտ ասֆալտաբետոն,  մայթերի սալարկման և եզրաքարերի տեղադրման աշխատանքներ: Այստեղ արձանագրվել են շեղումներ հիմնական երթևեկելի մասում երկշերտ ասֆալտաբետնի իրականացման դեպքում շերտերի հաստությունների նորմերի պահպանման առումով, որտեղ շեղումը կազմել է 5-ից 6սմ: Իրականացված մյուս չափումների դեպքում նորմատիվները կա՛մ պահպանված են եղել, կա՛մ գերազանցել են սահմանված նվազագույն շեմերը: Նոր իրականացվող եզրաքարերի և սալիկների թվում առկա չեն եղել վնասված և ոչ պիտանի եզրաքարեր և սալիկներ:

Մշտադիտարկման արդյունքներն առավել մանրամասն ըստ տարբեր ցուցանիշների ներկայացված է այստեղ:

«Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհների Գյումրիում» ծրագիրը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։