Ինչքա՞ն են Գյումրիի համատիրությունները ծախսում աշխատավարձերի վրա

2014 թվականից «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնը զբաղվում է Գյումրիում համատիրությունների գործունեության պարբերական հետազոտություններով:

Կենտրոնի կողմից հրապարակված առաջին զեկույցում բացահայտված խնդիրներից մեկը վերաբերում էր համատիրությունների ծախսերի մեջ աշխատավարձերի բարձր տեսակարար կշռին: Արդեն այս տարի` 2014թ. ամփոփ տվյալների հիման վրա կատարված հետազոտության արդյունքում տվյալ հարցով արձանագրվել է զգալի առաջընթաց:

Համատիրությունների գործունեության արդյունավետությունը Գյումրիում զեկույցում առանձնակի ուշադրություն է հատկացվել տվյալ խնդրին: Խնդրի էությունը կայանում էր նրանում, որ շատ համատիրություններ հավաքագրված եկամուտի զգալի մասը ուղղակի վճարում էին որպես աշխատավարձ, իսկ նպատակային գործունեություն իրականացնելու համար միջոցներն այլևս չէին բավականացնում: Մասնավորապես, 2013թ. 22 համատիրությունների տվյալներով աշխատավարձերի և դրանցից բխող հարկային պարտավորությունների վճարմանն ուղղվել էր համատիրությունների բյուջեի 69.9%-ը: Համատիրությունների աշխատանքը վերածվում էր ուղղակի գումարի հավաքագրման և դրա բաշխման մի քանի անձանց միջև:

2014թ. արդեն, 19 համատիրությունների (2013թ. գործող 22 համատիրությունները միացման և վերակազմակերպման արդյունքում նվազել էին մինչև 19-ի) շրջանում կատարված հետազոտությունը ցույց տվեց էական առաջընթաց: Նախկին, 69.9%-ի փոխարեն բոլոր համատիրությունների ծախսերի կառուցվածքում աշխատավարձերի միջին կշռված ցուցանիշը նվազել էր մինչև 38.97%-ի:

Սա բոլոր 19 համատիրությունների միջին ցուցանիշն է, մինչդեռ առանձին համատիրություններում պատկերը տարբեր է: Այսպես, «Ղանդիլյան/Գորկի 104/Երազանք» համատիրությունում պատկերը շարունակում է մնալ խնդրահարույց 67.39%: Ուսումնասիրված 19 համատիրություններից միայն 7-ի մոտ էր այս ցուցանիշը ցածր 40%-ից: Իհարկե, կային նաև որոշ համատիրություններ, որոնց կատարած ծախսերում աշխատավարձային վճարումները բավականին ցածր, Գյումրիի համար, կարելի ասել, տպավորիչ ցուցանիշ էին արձանագրել 22.05%` «Մուշ/Շերամ/ Գոո -Արա» և 22.89%` «Բարեկամություն»:

Հարկ է նշել, որ ցուցանիշի որոշակի օպտիմալացման հարցում որոշակի ազդեցություն է ունեցել Գյումրու քաղաքապետարանի Համատիրությունների մոնիթորինգի բաժինը, որը աշխատանքներ է ծավալել աշխատավարձային ծախսերը համատիրություններում ընդունված նորմատիվին` 40%-ին համապատասխանեցնելու համար: Այնուամենայնիվ, 40%-ը ինքնին բավականին բարձր ցուցանիշ է բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում աշխատավարձային ծախսերի համար: Մեր կողմից ուսումնասիրված Արևելյան Եվրոպայի մի քանի երկրների փորձը ցույց է տալիս, որ կառավարման ծախսերը տատանվում են 7-12%-ի սահմաններում:

Կարևոր է փաստել նաև, որ այս ոլորտում ներկայումս առկա է նաև փաստաթղթավորման հետ կապված մեթոդական խնդիր, ինչը երբեմն սխալ տպավորություն է ստեղծում համատիրություններում աշխատավարձային ծախսերի վերաբերյալ: Համատիրություններում վարձու աշխատանքների հետ կապված բոլոր ծախսերը ներառվում են աշխատավարձին ուղղվող ծախսեր հոդվածում, որը մեխանիկորեն բերում է դրա բարձր մակարդակի: Այլ կերպ ասած, այս ցուցանիշի բարձր թիվը կարող է ստացվել թե պատշաճ գործունեություն չծավալող համատիրությունում` հավաքված գումարը ուղղակի որպես աշխատավարձ վճարելու միջոցով, թե բարեխիղճ աշխատանքներ կատարած համատիրությունում, որտեղ աշխատավարձը վճարվել է ոչ թե համատիրության կառավարման, այլ տարբեր բնույթի վարձու աշխատանքի կատարման համար: Ուստի, անհրաժեշտ է առանձնացնել համատիրության աշխատավարձին ուղղվող ծախսերը վարձու աշխատողների կողմից ծառայությունների մատուցման ու աշխատանքների կատարման ծախսերից և սահմանել որպես առանձին ծախսային հոդված: Դա թույլ կտա տարբերակել համատիրությունների կառավարման ծախսերը և կատարել ավելի հիմնավոր համեմատականներ: