Մեկնարկում է «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհների Գյումրիում» ծրագիրը

«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում մեկնարկ է տվել «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհների Գյումրիում» ծրագրին: Նախաձեռնությունը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

Ծրագրի նպատակն է նպաստել Գյումրի համայնքի հանրային ֆինանսների արդյունավետ օգտագործմանը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից տրված վարկային միջոցների շրջանակներում իրականացվող ճանապարհաշինության, համայնքային գնումների գործընթացի մոնիտորինգի, որակի ստուգման, խնդիրների վերհանման և փողոցաշինության աշխատանքների որակի բարձրացման միջոցով։

Ծրագրով նախատեսվող մոնիթորինգը ներառում է վերանորոգվող և վերակառուցվող ճանապարհների որակի փորձաքննության, փաստաթղթերի ուսումնասիրության, հարցումների և դիտարկումների անցկացման ամբողջական գործընթաց: