Նորմերի համատարած խախտումներ և ոչ լիարժեք ծածկույթ․ Աղբահանության կազմակերպումը Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի խոշորացված համայնքներում

«Մասնակցային մոնիթորինգ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի շրջանակներում Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի 6 խոշորացված համայնքներում (Ախուրյան, Աշոցք, Թումանյան, Ստեփանավան, Դիլիջան, Նոյեմբերյան) իրականացվել է աղբահանության իրականացման ծառայությունների հետազոտություն: Այն իրականացվել է «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ի կողմից, որում «ՀամաԶարԿ» կոնսորցիումի միջոցով ներգրավված են եղել «ՀԿ Կենտրոն», «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» և «Տեղեկատվական համակարգերի զարգացման եվ վերապատրաստման կենտրոն» գործընկեր հասարակական կազմակերպությունները: Մոնիթորինգն իրականացրել են մոտ 34 վերապատրաստված քաղաքացի-մոնիթորներ՝ տվյալ համայնքներից՝ նախապես մշակված մեթոդաբանության համաձայն՝ կատարելով 902 դեմ առ դեմ հարցում և դիտարկելով 249 փողոց: Մոնիթորինգի արդյունքները ամփոփվել և վերլուծվել են՝ բացահայտելով այս ոլորտում համայնքներում առկա պատկերը:

Համայնքում աղբահանության ու սանիտարական մաքրման կազմակերպումը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն համայնքի պարտադիր խնդիրներից է: «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքն էլ սահմանում է, որ աղբահանությունը բնակավայրերում գոյացող աղբի հավաքումը, պահումը, փոխադրումը և աղբավայրում տեղադրումն է: Իսկ սանիտարական մաքրումը համայնքի ընդհանուր օգտագործման տարածքների (փողոցների, բակերի, մայթերի և ընդհանուր օգտագործման այլ տարածքների) մաքրումն է աղբից, տերևակույտերից, փոշուց, կենդանիների դիակներից և փողոցների երթևեկելի մասերի ջրում-լվացումը, փողոցների, կամուրջների, անցումների և մայթերի` ձյունից և սառույցից մաքրումը, համայնքի ընդհանուր օգտագործման համար տեղադրված աղբամանների սպասարկումը:

Տեխնիկական հագեցվածությունը

Աղբահանության կազմակերպման համար անհրաժեշտ է մասնագիտացված տեխնիկա՝ աղբի՝ աղբավայր տեղափոխությունը կազմակերպելու համար: Առողջապահության նախարարության սահմանած հիգիենիկ պահանջների համաձայն՝ աղբը տեղափոխող մեքենան պետք է լինի փակ թափքով և բացառի շրջակա միջավայրի կեղտոտումը, ինչպես նաև ունենա աղբաջրի հավաքման համակարգ, աղբի կոնտեյները բեռնող հիդրավլիկ սարք: Բացի աղբի տեղափոխման տեխնիկայից՝ աղբահանումը կազմակերպելու համար անհրաժեշտ են աղբի հավաքման համար նախատեսված կոնտեյներներ և աղբանոթներ՝ համապատասխան պահանջներով:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ խոշորացված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինները համապատասխան տեխնիկական հագեցվածություն ունեն հիմնականում այն դեպքերում, երբ կենտրոնը քաղաք է: Այսպես, հետազոտված 6 համայնքներից աղբահանության մասնագիտացված տեխնիկայի առկայության մասով համեմատաբար լավ է վիճակը Դիլիջան և Ստեփանավան համայնքներում, մինչդեռ Աշոցքում առկա է միայն մեկ նման մեքենա, իսկ Ախուրյանում մասնագիտացված տեխնիկան ընդհանրապես բացակայում է:

Աղբահանության տեխնիկայի առկայությունը խոշորացված համայնքներում

Շիրակի մարզի համայնքներում իրավիճակը խնդրահարույց է նաև աղբարկղերի մասով: Աղբարկղերի քանակի, ինչպես նաև դրանց տարողության մասով իրավիճակը լավ է Դիլիջան և Թումանյան համայնքներում: Այսպես, Թումանյանում աղբարկղերի գումարային տարողունակությունը 1000 բնակչի հաշվով կազմում է 21,8 մ3, մինչդեռ Ախուրյանում նույն ցուցանիշը 3,41 մ3 է:

Աղբամանների տարողունակությունը խոշորացված համայնքներում

Եթե Լոռու և Տավուշի մարզերում իրավիճակը կարելի է համարել բավարար, ու տեխնիկական հագեցվածության ապահովման ուղղությամբ որոշակի ջանքերը կարող են ամբողջովին շտկել իրավիճակը, ապա Շիրակի մարզում հետազոտված երկու համայնքներն էլ այս առումով կարիք ունեն լուրջ ներդրումների՝ թե տեղափոխող տեխնիկայի, թե աղբամանների ձեռքբերման համար:

Ոչ ամբողջական ծածկույթ

Թումանյան և Դիլիջան համայնքներում կենտրոնացված աղբահանության ծառայություններով են ապահովված բոլոր բնակավայրերը: Ստեփանավան համայնքում կենտրոնացված աղբահանություն իրականացվում է միայն Ստեփանավան քաղաքում, սակայն եթե ներկայացնենք բնակչության թվով, ապա կարող ենք ասել, որ համայնքի բնակչության 93.2%-ն ապահովված է այս ծառայությունով: Նոյեմբերյանում այս ցուցանիշը 97% է, քանի որ աղբահանություն չի իրականացվում միայն մեկ բնակավայրում՝ Բարեկամավանում: Կենտրոնացված աղբահանությամբ ապահովված բնակչության մասնաբաժինը նշանակալի ցածր է Շիրակի մարզի համայնքներում: Այս երկու համայնքներում աղբահանություն իրականացվում է միայն համայնքների կենտրոններում՝ Ախուրյան և Աշոցք գյուղերում, սակայն ի տարբերություն Աշոցք գյուղի, որտեղ բնակիչները հիմնականում գոհ են մատուցվող ծառայություններից, Ախուրյանում աղբահանությունը թերի է իրականացվում:

Կենտրոնացված աղբահանությամբ ապահովված բնակչության մասնաբաժինը խոշորացված համայնքներում

Այն բնակավայրերում, որտեղ համայնքի կողմից չի իրականացվում կենտրոնացված աղբահանություն, բնակիչները աղբը հեռացնում են ինքնուրույն, այդ թվում առավել տարածված են աղբի այրման, սեփական միջոցներով աղբավայր տեղափոխման, ջրատար առուների կամ գետերի մեջ նետման, անհատական աղբավայրերում աղբի թափման աղբի՝ հողի մեջ թաղման պրակտիկաները:

Բացի նրանից, որ համայնքների որոշ բնակավայրերում չի իրականացվում կենտրոնացված աղբահանություն, համայնքի սեփականություն հանդիսացող աղբամանների թվի բաշխումը բնակավայրերի միջև որոշ դեպքերում համամասնական չէ բնակավայրի մեծությանը և բնաչության թվին (Լորուտ, Գոշ): Այսպիսի բնակավայրերում աղբահանության ոլորտից բնակչության բավարարվածության մակարդակը ցածր է:

Թեև օբյեկտիվ պատճառներով որոշ փոքր բնակավայրերում դժվար է ապահովել կենտրոնացված աղբահանությունը, բայց պետք է նաև համայնքի բնակիչների հետ քննարկել, թե ինչպես է վերջիններիս համար առավել հարմար իրականացնել աղբահանությունը՝ աղբամանների միջոցով, թե շրջիկ աղբատար մեքենաների և կիրառել բնակիչների համար առավել նախընտրելի տարբերակը:

Բնակիչների բավարարվածությունը մատուցվող ծառայութուններից

Աղբահանության ոլորտում համայնքապետարանի կողմից մատուցվող ծառայություններից բնակչության բավարարվածությունը գնահատվել է 1-ից 10 բալանոց սանդղակով, որտեղ 1-ը նշանակում է լիովին բացասական, 10-ը՝ լիովին դրական: Համաձայն գնահատման արդյունքների՝ աղբահանության ծառայություններից առավել բավարարված են Թումանյան և Նոյեմբերյան համայնքների բնակիչները: Ստեփանավան և Դիլիջան համայնքները այս ցուցանիշով ստացել են միջին մոտ միավորներ: Բնակչության բավարարվածությունն առավել ցածր է Ախուրյան և Աշոցք համայնքներում՝ կազմելով համապատասխանաբար 3.36 և 3.55 միավոր հնարավոր 10-ից:

Աղբահանության ոլորտում համայնքապետարանի կողմից մատուցվող ծառայություններից բնակչության բավարարվածությունը

Նորմատիվների պահպանումը՝ խնդիր գրեթե բոլորի համար

Աղբահանության ոլորտի գնահատման օբյեկտիվ ցուցանիշները դուրս են բերվել համադրելով երեք բաղադրիչներ՝ նորմատիվների պահպանում, որը գնահատվել է մոնիթորինգային այցերի միջոցով, 1000 բնակչին  բաժին հասնող աղբարկղերի տարողունակությունը և կենտրոնացված աղբահանությամբ ապահովված բնակչության մասնաբաժինը:

Ըստ գնահատման արդյունքների, օբյեկտիվ ցուցանիշներով ամենաբարձր միավորներ են ստացել Թումանյան և Դիլիջան համայնքները՝ 9 միավոր, որին հետևում է Նոյեմբերյան համայնքը՝ 8 միավոր և Ստեփանավան համայնքը՝ 6 միավոր: Առավել ցածր միավորներ են ստացել Ախուրյան և Աշոցք համայնքները՝ 5-ական միավոր (Աղյուսակ 3.1.5):

Աղբահանության ոլորտում համայնքապետարանի կողմից մատուցվող ծառայությունների գնահատումը ըստ օբյեկտիվ ցուցանիշների

Օբյեկտիվ և սուբյեկտիվ ցուցանիշների միջև առավել մեծ շեղում կա Դիլիջան համայնքում, որտեղ բնակչության բավարարվածությունը աղբահանության ոլորտից նշանակալիորեն ցածր է, սակայն ընդհանուր առմամբ աղբահանության ոլորտում ծառայություններն առկա են և գնահատվել են դրական: Սա նշանակում է, որ բնակիչներն ունեն ավելի մեծ ակնկալիքներ համայնքապետարանից, ուստի անհրաժեշտ է առավել լավ ուսումնասիրել բնակիչների կարիքները և մատուցել առավել բարձր որակի և թիրախային ծառայություններ: Այս տարբերությունը մեծ է նաև Թումանյան համայնքում: Ախուրյան, Աշոցք, Նոյեմբերյան և Ստեփանավան համայնքներում օբյեկտիվ և սուբյեկտիվ ցուցանիշների միջև տարբերությունը մեծ չէ:

Հիմնականում չեն պահպանվում աղբահանության ոլորտում գործող նորմատիվային պահանջները. տեղադրված աղբամանները հիմնականում հողից մեկուսացված չեն, երեք կողմից ցանկապատված չեն, աղբամանների և աղբատար մեքենաների վրա առկա չեն աղբահանություն իրականացնող կազմակերպության անվանունը և կոնտակտային տվյալ: Մինչդեռ նշված նորմատիվներից շատերի ապահովումը չի պահանջում մեծ ֆինանսական ծախսեր: Խնդիրը շատ հաճախ հենց համայնքի ղեկավարների կամ աշխատակիցների իրազեկության պակասի մեջ է:

Խոշորացված համայնքները սպասարկող կենտրոնացված աղբավայրերից ոչ մեկը ցանկապատված չէ, չունի աղբատար մեքենաների սանիտարական մաքրման և լվացման հարմարություններ:

Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է նաև, որ համայնքներին տրամադրվեն նորմատիվային ուղեցույցեր, որով սահմանված կլինեն համայնքի սեփականություն հանդիսացող աղբամանների առավել արդարացի և արդյունավետ բաշխման սկզբունքները համայնքի մաս կազմող տարբեր բնակավայրերի միջև՝ հաշվի առնելով բնակավայրի մեծությունը, բնակիչների թիվը, տնային տնտեսությունների՝ միմյանցից եղած հեռավորությունը, ամսական կտրվածքով կուտակվող աղբի ծավալը և այլն:

Ամբողջական զեկույցը

«Մասնակցային մոնիթորինգ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում: