Պատմում են ականատեսները 2

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում  «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն որակյալ կոմունալ ծառայությունների Գյումրիում» ծրագրի մոնիթորինգի և սոցհարցումների իրականացման ընթացքում գյումրեցիների կողմից հնչեցված հետաքրքրիր մտքերի և դեպքերի մասին պատմություններ: Հիշեցնենք, որ նախաձեռնությունը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

«Ճշտախոս հարցվողը»      image

Բնակիչներից մեկին հարցրի.

-Ի՞նչ եք անում Ձեր տան աղբը:

Պատասխանեց.

-Կկուլուլենք, կշպռդենք ընդեղ, — ցույց տալով ճակնդեղի պունկտի մոտ գտնվող աղբանոցը (տարածքում աղբամաններ չկան տեղադրված):

 

«Հողով ծածկենք՝ չերևա կամ ջայլամի էֆեկտ»

Քաղաքացիներից մի քանիսը նշում էին, որ լուսավորության հարցով քաղաքապետարան ահազանգելիս համապատասխան մարդիկ գալիս են ու միայն լամպն են փոխում: Բնակիչները պատմեցին, որ արդեն մի քանի անգամ փոխել են լամպը, բայց մի քանի օրից նորից փչացել է: Սրան ի պատասխան՝ բանվորներն ասում են, որ իրենց ինչ ասել են, դա էլ պիտի անեն: Այսինքն՝ խնդրի դեպքում ոչ թե պատճառն են վերացնում, այլ խնդրին ժամանակավոր լուծում են տալիս։

 «Սրտացավ քաղաքացին»

Բնակիչներից մեկը, որն իմ հարցվողների ցուցակում չէր, իմանալով, որ լուսավորության ոլորտի մոնիթորինգ ենք իրականացնում, elcanc-3հատուկ իր բողոքը հայտնեց պոկված ու հենասյուներից կախված հաղորդալարերի վերաբերյալ: Հույս հայտնեց, որ այս հարցը «կհասնի» համապատասխան մարդկանց ու կլուծվի այս խնդիրը:

 «Կենցաղային աղբի երկրորդ կյանքը»

Ավտոկայանի տնակային տարածքի բնակիչներից մեկը «Աղբից ազատվելու ի՞նչ միջոց եք կիրառում» հարցին պատասխանեց, որ աղբ ընդհանրապես չի թափում։ Նա ինձ ցույց տվեց պլաստիկ շշեր, որոնք լիքն էին տարատեսակ աղբով (թուղթ, լուցկու հատիկներ, տոպրակներ, մրգերի և բանջարեղենի կեղևներ և այլն)։ Տիկինը տարվա ընթացում հավաքում է դրանք պահարանի մեջ: Ամառվա ամիսներին նա դրսում չորացնում է մրգերի և բանջարեղենի կեղևները, իսկ ձմռանը օգտագործում որպես վառելիք։ Նա նշեց, որ այդ մեթոդը սովորել է իր հարևանուհուց։

«Ապակեբամբակ, ապակեբամբա՜կ» շարքից

Ավտոկայանի տարածքում տնակները շատ են և դրանց քանդվելուց հետո շինարարական աղբն ու մնացորդները, մասնավորապես՝ ապակեբամբակը (ստեկլովատ) չի հավաքվել։ Բնակիչները բողոքում են, որ քամու միջոցով ապակեբամբակը հասնում է իրենց բակերը, կպնում լվացքին, ու երեխաների մաշկը գրգռվում է դրանից։ Բնակիչները դիմել են քաղաքապետարան, բայց այնտեղից պարզաբանել են, որ մինչև այն մարդիկ, ովքեր տուն են ստացել, չսեփականաշնորհեն տները, քաղաքապետարանը չի կարող տնակների ապամոնտաժման և տարածքի մաքրման աշխատանքներն ավարտին հասցնել:

«Սյունը ունենք` լար ու լամպ տվեք»

Լալայան փողոցի բնակիչներից մեկը խնդրեց, որ իրենց նրբանցքներում (գլխավոր փողոցներից թեքվող երրորդական փողոցներում) ապահովվի լուսավորություն, որովհետև տարածքում կան անապաստան շներ, և հատկապես գիշերային ժամերին տարածքում վտանգավոր է։ Հենասյուներն առկա են, բայց չկա լամպ, կամ կա լարերի խնդիր։