«Փողոցային լուսավորության կազմակերպումը Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի խոշորացված համայնքներում» հետազոտության արդյունքները

Հայաստանի 6 խոշորացված համայնքում իրականացվել է ներհամայնքային փողոցային լուսավորության կազմակերպման ծառայությունների  հետազոտություն «Մասնակցային մոնիթորինգ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի կողմից, որն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում:

«Մասնակցային մոնիթորինգ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագիրը  իրականացնում են «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ի կողմից, որում «ՀամաԶարԿ» կոնսորցիումի միջոցով ներգրավված են եղել «ՀԿ Կենտրոն», «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» և «Տեղեկատվական համակարգերի զարգացման եվ վերապատրաստման կենտրոն» գործընկեր հասարակական կազմակերպությունները:

Ախուրյան, Աշոցք, Թումանյան, Ստեփանավան, Դիլիջան, Նոյեմբերյան համայնքներում մոնիթորինգն իրականացրել են մոտ 34 վերապատրաստված քաղաքացի-մոնիթորներ՝ տվյալ համայնքներից՝ նախապես մշակված մեթոդաբանության համաձայն՝ կատարելով 902 դեմ առ դեմ հարցում և դիտարկելով 249 փողոց 2018թ․հուլիս-հոկտեմբեր ամիսներին: Մոնիթորինգի արդյունքները ամփոփվել և վերլուծվել են՝ բացահայտելով այս ոլորտում համայնքներում առկա պատկերը:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 16.12.2016 ընդունված օրենքի Հոդված 12-ի համաձայն համայնքի պարտադիր խնդիրների մեջ է մտնում  համայնքային ճանապարհային ենթակառուցվածքների պահպանումը եւ շահագործումը, այդ թվում փողոցային լուսավորության ապահովումը: Բնակավայրերում լուսավորության ապահովումը կարգավորվում է նաև ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի «Արհեստական եվ բնական լուսավորում» 2017 թվականի ապրիլի 13-ի N 56-Ն հրամանով, որով սահմանվում է քաղաքային և գյուղական բնակավայրերում փողոցային լուսավորության ապահովման պահանջը:

Հիմնականում, քաղաքային բնակավայրերում կախված փողոցի տիպից, երթևեկող տրանսպորտային միջոցների տիպերից և փողոցի նշանակությունից, ճանապարհային պատվածքի միջին լուսավորվածությունը տատանվում է 10-20լք (լյուքս) սահմաններում:

Քաղաքային բնակավայրում երկկողմանի ուղղություններում 3-6  երթևեկելի գոտի ունեցող 60կմ/ժամ հաշվարկային արագությամբ (Բ1 և Բ2 տիպի ճանապարհներ) քաղաքի հիմնական փողոցների համար ճանապարհային պատվածքի միջին  լուսավորվածությունը սահմանված է 20լք:

Գ1 և Գ2 տիպի փողոցների համար, որոնք երկկողմանի ուղղություններում ունեն 2-4 երթևեկելի գոտիներ և ապահովում են տրանսպորտային և հետիոտնային կապերը բնակելի շրջանների սահմաններում և ելքը դեպի մայրուղիներ, ճանապարհային պատվածքի միջին  լուսավորվածությունը սահմանված է 10-15լք: Գյուղական բնակավայրերում փողոցների և ճանապարհների նորմավորվող ցուցանիշների համաձայն գլխավոր փողոցների, հասարակական և առևտրային կենտրոնների հրապարակների համար ճանապարհային պատվածքի միջին  լուսավորվածությունը սահմանված է 10լք,  բնակելի կառուցապատման փողոցները hիմնական փողոցները՝ 6լք, երկրորդական փողոցները՝ 4լք:

Լուսավորության կազմակերպման տեխնիկական հնարավորությունները

Առավել մեծ թվով լուսավորության հենասյուներ առկա են Դիլիջան խոշորացված համայնքում՝ թվով 2096 հատ, որից սպասարկում են 1881-ը: Հաջորդիվ առավել մեծ թվով հենասյուներ առկա են Նոյեմբերյանում և Ստեփանավանում՝ համապատասխանաբար 1772 և 1485 հատ: Լուսավորության հենասյուների թիվը նշանակալիորեն փոքր է Թումանյան համայնքում, որտեղ ընդհանուր հաշվարկով առկա է 173 հենասյուն:

Լուսավորության հենասյուների առկայությունը խոշորացված համայնքներում /ըստ համայնքների ներկայացրած տվյալների/

Լուսավորության կազմակերպման ծածկույթը

Միայն Ախուրյան համայնքի բոլոր բնակավայրերն են ապահովված փողոցային լուսավորությամբ: Աշոցքի դեպքում փողոցային լուսավորությամբ ապահովված չէ միայն Սիզավետ բնակավայրը, Թումանյանի դեպքում լուսավորություն առկա չէ Աթան, Ահնիձոր և Շամուտ բնակավայրերում: Ստեփանավան համայնքում լուսավորությամբ ապահովված են Ստեփանավան քաղաքը և Կաթնաղբյուր գյուղը. լուսավորության համակարգ բացակայում է Ուրասար գյուղում: Դիլիջանում փողոցային լուսավորություն առկա է 7 խոշորացված համայնքներից 5-ում, բացակայում է Աղավնաձոր և Խաչարձան գյուղերում: Նոյեմբերյանում լուսավորություն առկա չէ միայն մեկ բնակավայրում՝ Բարեկամավանում, մնացած բոլոր բնակավայրերն ապահովված են փողոցային լուսավորությամբ:

Համայնքի՝ փողոցային լուսավորությամբ ապահովվածության աստիճանով /լուսավորությամբ ապահովված դիտարկված փողոցների երկարության հարաբերությունը ընդամենը դիտարկված փողոցների երկարությանը/ առավել բարձր ցուցանիշներ են գրանցել Ախուրյան, Դիլիջան և Ստեփանավան համայնքները՝ համապատասխանաբար 87%, 80% և 79%: Ցուցանիշն առավել ցածր է Թումանյանում, որտեղ արձանագրվել է 35% արդյունք: Աշոցքում և Նոյեմբերյանում գրանցվել են միջինին մոտ ցուցանիշներ՝ 57% և 51%: Ընդ որում, պետք է նկատի առնել, որ տվյալ ցուցանիշը հաշվարկելիս դիտարկվել են հիմնականում գլխավոր փողոցները, որոնցում լուսավորության կազմակերպման մակարդակը էապես գերազանցում է երկրորդական փողոցներին:

Փողոցի երկայնքով լուսավորության հենասյուների քայլն առավել մեծ է Թումանյան համայնքում՝ կազմելով 121 մետր, հաջորդիվ Նոյեմբերյան համայնքն է՝ 84 մետր: Աշոցքում և Դիլիջանում այս ցուցանիշը բավականին նման է՝ համապատասխանաբար 74 և 72 մետր: Փողոցի երկայնքով լուսավորության հենասյուների քայլը համեմատաբար առավել փոքր է Ախուրյան և Ստեփանավան համայնքներում կազմելով համապատասխանաբար 46 մետր և 49 մետր:

Լուսավորության կազմակերպման որակական ցուցանիշները

Թումանյան, Դիլիջան և Նոյեմբերյան բնակավայրերում սարքին վիճակում գտնվող լուսատուներով կահավորված հենասյուների մասնաբաժինը ընդհանուր հենասյուների թվի նկատմամբ բավականին բարձր է՝ կազմելով 94%-ից բարձր: Աշոցքում այս ցուցանիշը կազմել է 87%, իսկ Ստեփանավանում՝ 77%: Մյուս համայնքների համեմատ ցուցանիշը ամենացածրն է եղել Ախուրյանում՝ կազմելով 56%:

Թումանյան համայնքում, համաձայն մոնիթորինգի արդյունքների, տեղադրված բոլոր լուսատուները եղել են էներգախնայող: Այս ցուցանիշը բարձր է նաև Աշոցք և Նոյեմբերյան բնակավայրերում կազմելով համապատասխանաբար 83% և 74%: Դիլիջանում էներգախնայող են տեղադրված լուսատուների 54%-ը, Ախուրյանում՝ 38%-ը, իսկ ահա Ստեփանավանում այսպիսի լուսատուներ չեն արձանագրվել:

Լուսավորության հենասյուները և լուսատուների տիպը խոշորացված համայնքներում ըստ մոնիթորինգի արդյունքների

Ճանապարհային պատվածքի առավելագույն լուսավորվածության ցուցանիշն արձանագրվել է Թումանյան համայնքում՝ կազմելով 71 լք: Նոյեմբերյանում առավելագույն լուսավորված հատվածը եղել է 30 լք: Մյուս համայնքներում առավելագույն լուսավորված հատվածը չի գերազանցել 20լք-ն և ամենացածրն է եղել Ախուրյանում՝ կազմելով 7լք առավելագույն լուսավորված հատվածում:

Ճանապարհային պատվածքի միջին լուսավորվածության ցուցանիշով Աշոցք, Ստեփանավան և Նոյեմբերյան համայնքներում արձանագրվել են մոտ ցուցանիշներ 6.21լք-ից 7.8 լք: Ցուցանիշն ամենացածրն է եղել Ախուրյան համայնքում՝ կազմելով 0.95 լք:

Լուսավորության համակարգի առկայությունը խոշորացված համայնքների բնակավայրերում

Բնակիչների բավարարվածությունը մատուցվող ծառայութուններից

Համաձայն բնակիչների կողմից ներկայացված «լուսավորության ապահովվածության» գնահատականների Ախուրյան, Ստեփանավան և Նոյեմբերյան համայնքները ստացել են «միջին» գահատական: Որպես այդպիսին «բարձր» գնահատական է տրվել միայն Աշոցք համայնքի լուսավորվածությանը: Երկու համայնքներ՝ Թումանյանը և Դիլիջանը ստացել են «ցածր» գնահատական, քանի որ այստեղ համաձայն բնակիչների գնահատականների լուսավորությամբ ապահովված չէ համայնքի 25%-ից ավելին:

Ինչ վերաբերում է փողոցային լուսավորության միացման տևողությանը, ապա համայնքի բնակիչները հիմնականում բավարարված են միացման տևողությունից, քանի որ գրեթե բոլոր համայնքների դեպքում գերակշռել է «բարձր» կամ «շատ բարձր» արդյունքները՝ բացառությամբ Դիլիջան համայնքի, որտեղ այս ցուցանիշով գնահատականը եղել է «միջին»:

Խափանված լուսատուների սպասարկումից բնակչության բավարարվածության ցուցանիշով գնահատականները եղել են «բարձր» կամ «շատ բարձր» Ախուրյան, Աշոցք, Ստեփանավան և Նոյեմբերյան համայնքների համար: Այս ոլորտում բնակչության բավարարվածությունը «միջին» է գնահատվել Թումանյան համայնքի համար, իսկ Դիլիջանի դեպքում գնահատականը եղել է «ցածր»:

Փողոցային լուսավորության համակարգից բնակչության բավարարվածության գնահատականների համեմատության արդյունքներով այս ոլորտից առավել բավարարված են Ստեփանավան և Աշոցք խոշորացված համայնքների բնակիչները, որտեղ 1-ից 10 բալանոց սանդղակով գնահատման արդյունքներով համայնքները ստացել են համապատասխանաբար 7.3 և 7.02 միավոր: Հաջորդիվ Նոյեմբերյան և Ախուրյան համայնքներն են, որտեղ գնահատականները կազմում են համապատասխանաբար 6.7 միավոր և 6.25 միավոր: Ցուցանիշները առավել ցածր են եղել Թումանյան և Դիլիջան բնակավայրերում, որտեղ տրվել են միջինից ցածր գնահատականներ. Թումանյանում միջինացված ցուցանիշը կազմում է 4.58 միավոր, իսկ Դիլիջանում ամենացածրն է՝ 3.85 միավոր:

Փողոցային լուսավորության ապահովման ծառայություններից բնակչության բավարարվածության միջին գնահատականներ ըստ խոշորացված համայնքների

Ամբողջական զեկույցը

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:

[1] Ցուցանիշը ներկայացված է ըստ մոնիթորինգի արդյունքների

[2] Ներկայացված է համաձայն բնակիչների կողմից