60 երիտասարդներ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում կիրականացնեն համայնքային ծառայությունների մոնիթորինգ

Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի 20-ական երիտասարդներ մասնակցեցին վերապատրաստման դասընթացների, որից հետո նրանք «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների Հայաստանում» ծրագրի շրջանակներում իրականացնելու են Աշոցք, Ախուրյան, Ստեփանավան, Թումանյան, Դիլիջան և Նոյեմբերյան համայնքների համայնքային ծառայությունների մոնիթորինգ:

Վանաձորում, Դիլիջանում և Գյումրիում անցկացված 1-օրյա դասընթացների շրջանակներում «Կոմպասս կենտրոն» ՀԿ նախագահ Ղարիբ Հարությունյանը, ինչպես նաև ծրագրի ղեկավար Հայկարամ Դրմեյանը ներկայացրեցին մասնակցային մոնիթորինգի հիմունքները՝ դրա կարևորությունը, ներգրավման մեխանիզմներն ու ձևերը:

Ծրագրի սոցիոլոգ Սոնա Մսրյանը ներկայացրեց տնային տնտեսությունների քանակական հետազոտության, ինչպես նաև աղբահանության և լուսավորության ոլորտի մոնիթորինգի մեթոդաբանությունը։ Մասնակիցներին ներկայացվեցին նաև այն հարցաթերթերը , որոնցով իրականացնելու են հարցումները, և մոնիթորինգը։

Իրենց ունեցած փորձից ելնելով մասնակիցները բարձրացրեցին նաև մոնիթորինգ իրականացնելու ժամանակ իրենց հանդիպած դժվարությունների ու խնդրահարույց հարցերի հետ կապված օրինակները, որոնք քննարկվեցին ու հաստատվեցին դրանց լուծման ճանապարհները։

Մոնիթորինգի աշխատանքները կմեկնարկեն օգոստոս ամսվա վերջին:

«Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագիրն իրականացնում է «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ իր գործընկերներ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և «Տեղեկատվական համակարգերի զարգացման եվ վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում:

Ծրագրի բյուջեն կազմում է 24 միլիոն 986 հազար ՀՀ դրամ, որից 22 միլիոն 516 հազար դրամը տրամադրվել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից: Ծրագրի տևողությունն է` 2018թ. հունիսի 1-ից մինչև 2019թ. մայիսի 31-ը:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆիանսավորվում է Եվրոպական միության կողմից: