Մասնակցային բյուջետավարում` հանուն բարեկեցիկ համայնքի

«Կոմպասս» ՀԿ կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ախուրյան համայնքում բնակիչները գրեթե տեղյակ չեն թե համայնքային բյուջեն ինչպես է ձևավորվում և ծախսվում:

Այդ մասին են փաստում բնակչության շրջանում իրականացված հարցումները, ինչպես նաև ավագանու նիստերին բնակիչների մասնակցության ցածր մակարդակը կամ բացակայությունը: Ավագանու որոշումներն ամբողջությամբ անցնում են միաձայն: Օրինակ, 2015 թ-ի ավագանու բոլոր որոշումներն անցել են միաձայն, միայն որոշումներից մեկն է, որ միաձայն չի անցել. ավագանու 6 անդամներից մեկը դեմ է քվերկել որոշմանը, իսկ մեկը` ձեռնպահ:

«Մասնակցային բյուջետավարում` հանուն բարեկեցիկ համայնքի» ծրագիրը նպատակ ունի Ախուրյան համայնքի բնակիչների և քաղաքացիական հասարակության լայն շերտերի շրջանում բարձրացնել համայնքի բյուջեի վերաբերյալ իրազեկվածության և տեղեկացված մասնակցության մակարդակը համայնքի բյուջետային գործընթացի բոլոր փուլերում:

Ակնկալվող արդյունքներն են.

  • Ախուրյան համայնքում ձևավորված համայնքի բյուջեի մոնիտորինգի 3 երիտասարդական խմբեր,
  • Պահանջատեր ու իրազեկ քաղաքացիներ` հետաքրքրված համայնքի բյուջեով
  • Համայնքի բյուջեի ինտերակտիվ կայք,
  • Համայնքի կարիքների գնահատման արդյունքներ,
  • Մշակաված և ՏԻՄ կողմից ընդունված համայնքի թաղերի զարգացման ծրագրեր:

 Ծրագրի խնդիրները.  

  • Բարձրացնել Ախուրյան համայնքի բնակչության իրազեկության մակարդակը համայնքի բյուջեի, դրա բոլոր փուլերում ակտիվ մասնակցության կարևորության վերաբերյալ,
  • Ապահովել բնակիչների կարիքների գնահատման արդյունավետ հարթակ,
  • Ստեղծել նպաստավոր պայմաններ Ախուրյանի բնակիչների կողմից համայնքի բյուջեի մշակմանը, իրականացմանն ու վերահսկմանը տեղեկացված մասնակցության համար,
  • Ապահովել ՏԻՄ կողմից բնակչության կարիքների գնահատման արդյունքում համայնքի բյուջեի մշակմանն ու իրականացմանը: