«Գյուղից դեպի գլոբալ շուկա »

Գյուղատնտեսական գործունեությունը, լինելով ձեռնարկատիրական գործունեության դրսևորումներից մեկը, պահանջում է ոչ միայն արտադրական գործունեություն, այլև ռազմավարական

պլանավորում, մարքեթինգային միջոցառումների իրականացում, կառավարման համապատասխան սկզբունքների ընտրությունը, որոնք շատ հաճախ անտեսվում են գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց կողմից և հանգեցնում բացասական ֆինանսական արդյունքի: «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ, իրականացնում է «Գյուղից դեպի գլոբալ շուկա» ծրագիրը: Նպատակն է խթանել Շիրակի մարզի 30 գյուղերում զբաղվածությանը և գյուղատնտեսական գործունեության քանակական և որակական աճին՝ գյուղատնտեսական արտադրանքի թողարկողներին և սպառողների միջև կապի ապահովման միջոցով: Ծրագիրը կոչված է կապ հաստատելու գյուղացիական տնտեսության և գյուղատնտեսական արտադրանքի շուկայի միջև, որը կապահովի գյուղատնտեսական արտադրանքի իրացման ուղիների վերլուծությունը և դրանց հասանելիության բարձրացումը, որի արդյունքում գյուղատնտեսական ապրանքների արտադրողներին կտրամադրվի իրենց արտադրանքի իրացման երաշխիքներ, կստեղծվեն ապրանքների իրացման ցանցեր, նոր գնորդներ և իրացման շուկաներ, ինչպես նաև կպլանավորվի արտադրությունը և առանձին համայնքներ կմասնագիտանան որոշակի ապրանքների արտադրության ոլորտում: Այս ամենը կխթանի գյուղատնտեսական գործունեությունը, ինչը և հանդիսանում է զբաղվածության հիմնական տեսակը գյուղական համայնքներում: Ծրագիրն իրականացվելու է մի քանի փուլերով:

Շիրակի մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում ընտրելու են 30 գյուղական համայնքներ, որոնք ունեն որոշակի մասնագիտացում կոնկրետ գյուղատնտեսական ապրանքների արտադրության գծով: Հաջորդիվ իրականացվելու են այցելություններ համապատասխան համայնքներ, որոնց ժամանակ տեղեկատվություն է հավաքագրվելու համայնքներում արտադրվող գյուղատնտեսական ապրանքների, դրանց առկա քանակի, մոտավոր գնի մասին, որը հետագայում տեղ է գտնելու ստեղծվելիք կայքում, որտեղ յուրաքանչյուր գյուղական համայնք ունենալու է իր առանձին էջը: Ներկայացված են լինելու այն գյուղատնտեսական ապրանքները, որոնց արտադրությամբ մասնագիտացած է տվյալ գյուղը: Իրականացվելու են առցանց մարկետինգային միջոցառումներ՝ տվյալ ապրանքների վաճառքը խրախուսելու նպատակով: Կայքում գործելու է նաև փնտրման բաժին, որտեղ յուրաքանչյուր շահագրգիռ անձ կարող է գտնել իրեն հետաքրքրող ապրանքը, ձեռք բերել կոնտակտներ և կատարել գնում:

«Գյուղից դեպի գլոբալ շուկա» ծրագիրը իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: