Տեղի ունեցավ Գյումրի համայնքի բյուջեն ինտերակտիվ կայքի շնորհանդեսը

Սկսած 2015թ.-ի հունվար ամսից Գյումրիում գործող «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնն իրականացնում է «Մեր փողերը, տեղեկացված լինելու մեր իրավունքը. համայնքի վիզուալ բյուջե» ծրագիրը` Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստանի և Հետազոտական Կենտրոնների Հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում էր ստեղծել համայնքի բյուջեն տեսանելի կերպով արտացոլող կայք` էստոնական փորձի հիման վրա, որի արդյունքում Գյումրին դառնալու էր ՀՀ-ում առաջին քաղաքը, որի համայնքային բյուջեն ներկայացված է լինելու ինտերակտիվ կայքի միջոցով: Սեպտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում տեղի է ունեցավ վերոնշյալ ծրագրի և ստեղծված ինտերակտիվ կայքի շնորհանդես-ներկայացումը: Գյումրու քաղաքապետարանի հետ արդյունավետ և թափանցիկ համագործակցության արդյունքում ինտերակտիվ կայքի շնորհանդեսի շրջանակներում ներկայացվեցին համայնքի բյուջեի վերլուծությունների արդյունքները, հետազոտական աշխատանքների շրջանակներում առաջ քաշված խնդիրները և բացթողումները, ինտերակտիվ կայքի առանձնահատկությունները, ինչպես նաև ծրագրի նպատակը, խնդիրները, իրականացված գործողությունները, համայնքի բյուջեի վերլուծությունների արդյունքները, և կայքից օգտվելու ուղեցույցը: Ինտերակտիվ կայքի շնորհանդես-ներկայացմանը ներկա Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, ողջունելով ներկաներին, իր խոսքում նշեց, որ Գյումրու քաղաքապետարանի և «Կոմպասս» կենտրոնի համատեղ արդյունավետ համագործակցության արդյունքում Գյումրին ոչ միայն սպորտի և մշակույթի, այլ նաև բյուջետային բարեփոխումների ոլորտում ևս դառնում է առաջինը: Ծրագրի շրջանակներում ստեղծվել է քաղաքային բյուջեի տվյալները՝ մուտքերը և ելքերը տեսանելի կերպով արտացոլող ինտերակտիվ կայք՝ www.gyumribudget.am:

«Համայնքի վիզուալ բյուջե» ծրագրի ընթացքը, նպատակը և խնդիրները ներկայացվեց ծրագրի ղեկավար, Կոմպասս ՀԿ նախագահ Ղարիբ Հարությունյանի կողմից, ով իր խոսքում նշեց, որ ծրագրի շրջանակներում մանրամասն ուսումնասիրվել են բնակչության մասնակցությունը համայնքի բյուջետային գործընթացում և հանգել այն եզրակացության, որ Գյումրի քաղաքում բնակչության մեծ մասն անտեղյակ է համայնքի բյուջեի մուտքերից և ելքերից, ուստի, Գյումրու քաղաքապետարանի հետ առկա համագործակցության արդյունքում ստեղծված ինտերակտիվ կայքը կնպաստի կատարված աշխատանքի թափանցիկ ներկայացմանը և խթան կհանդիսանա այս մի շարք այլ խնդիրների լուծման համար: Հատուկ ծրագրի ներկայացմանը ներկա գտնվելու համար Էստոնիայից Հայաստան ժամանած գործընկեր “Praxis” քաղաքականության հետազոտությունների կենտրոնի փորձագետ Հիլլե Հինսբերգն իր խոսքում ներկայացրեց ստեղծված կայքի առանձնահատկությունները, վերջինից օգտվելու ուղեցույցը և Կենտրոնի հետ համագործակցության պատմությունը: Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, ողջունելով ներկաներին, իր ելույթում նշեց, որ համատեղ աշխատանքի արդյունքում Գյումրին այս ոլորտում ևս դառնում է առաջինը՝ մշակույթի և սպորտի ոլորտում առաջինը լինելուց բացի:

Համայնքի բյուջեի վերլծության արդյունքները ներկայացվեցին Կոմպասս ՀԿ ձեռներեցության զարգացման ուղղության պատասխանատու, ծրագրի ֆինանսական փորձագետ Կարեն Պետրոսյանի և Կենտրոնի փորձնակ Սյուզի Սերոբյանի կողմից, որից հետո ելույթի խոսքով հանդես եկան ծրագրի հիմնական աջակից կառույցի` Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի «Հանրային քաղաքականության կրթաթոշակներ» ծրագրի համակարգող Մարիամ Մաթևոսյանը, Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայաստանյան գրասենյակի Գյումրու տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը և «Համայնքների ֆինանսիստների միավորման» կողմից իրականացվող «Հանրության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը» ծրագրի կոորդինատոր Աբրահամ Արտաշեսյանը:

Նշենք, որ ծրագրի առաջիկա քայլերի ընթացքում նախատեսվում է կազմակերպել հադնիպում-քննարկումներ քաղաքացիական հասարակության լայնխավերի և Գյումրու տեղական ինքանակառավարման մարմինների մասնակցությամբ` ինտերակտիվ կայքի ներկայացման և առաջարկությունների հավաքագրման նպատակով: Ծրագրի ավարտական փուլում առաջարկությունների փաթեթ է ներկայացվելու ՏԻՄ-ին՝ համայնքային բյուջետավորման գործընթացը մասնակցային դարձնելու նպատակով: