Իրազեկ քաղաքացին համատեր է 2

«Կոմպասս» ՀԿ-ն 2014թ. իրականացրել է «Իրազեկ քաղաքացին համատեր է» ծրագիրը` Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի աջակցությամբ: Ծրագրի արդյունքում

իրականացված հետազոտությունը վեր է հանել համատիրությունների գործունեության հետ կապված մի շարք խնդիրներ, կատարվել են առաջարկություններ:
Բացահայտված խնդիրների մեծ մասը կապված են համատիրությունների եկամուտների ու ծախսերի կազմի ու կառուցվածքի հետ: Ինչպես վկայում են իրականացված հետազոտության արդյունքները, համատիրությունների եկամուտների ու ծախսերի կազմն ու կառուցվածքը կարիք ունի ֆինանսատնտեսական լուրջ ուսումնասիրության` ըստ յուրաքանչյուր համատիրության, ինչը կբացահայտի մի կողմից առկա չարաշահումները և թերությունները, մյուս կողմից էլ համատիրությունների չօգտագործվող ներուժը և հնարավորությունները: Կարիք կա նաև համատիրությունների անդամների ուշադրությունը հրավիրել դրանց աշխատանքի, հատկապես գործունեության ֆինանսական բաղադրիչի շուրջ, որպեսզի բնակիչները, տեղյակ լինելով իրենց համատիրությունների եկամուտների ձևավորումից և իրականացվող ծախսերից, հետևողականություն դրսևորեն դրանց վերահսկողության շուրջ:
«Իրազեկ քաղաքացին համատեր է 2» ծրագրի նպատակն է նպաստել համատիրությունների ֆինանսատնտեսական գործունեության արդյունավետության ու թափանցիկության բարձրացմանը ու բնակչության շրջանում համատիրությունների նկատմամբ հասարակական վերահսկողության աճին: Հետազոտության արդյունքները, եզրակացություններն ու առաջարկություններն ամփոփ կներկայացվեն հետազոտության հաշվետվության գրքույկի տեսքով, որից հետո կանցկացվի 3-օրյա սեմինար համատիրությունների ֆինանսատնտեսական գործունեության հասարակական վերահսկողության մեխանիզմների շուրջ և իրականացվելու է 2 հանրային քննարկում: