«Տիրապետում ես փաստերին` տիրապետում ես իրավունքներիդ»

«Կոմպասս» կենտրոնը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, իրականացնում է «Տիրապետում ես փաստերին, տիրապետում ես իրավունքներիդ»

ծրագիրը: Վերջինիս նպատակն է բարձրացնել Գյումրու բուհերի ուսանողների իրավագիտակցության մակարդակը` հետազոտությունների իրականացման հմտությունների հաղորդման միջոցով: Գյումրիում երիտասարդների իրավագիտակցության բարձրացման համար պետք է նրանց ոչ թե ուղղակի իրազեկել օրենքների և իրավական ակտերի մասին, այլև հաղորդել անհրաժեշտ հմտություններ, որոնք կօգնեն ինքնուրույն բացահայտել և գնահատել օրենքների և օրենսդրական ակտերի տրամաբանությունը և հիմքերը: Մյուս կողմից, իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ է սեփական դատողությունները կառուցել փաստերի և հավաստի արդյունքների հիման վրա: Ուստի երիտասարդների իրավագիտակցության բարձրացման լավագույն միջոցը սեփական նախաձեռնությամբ իրենց առնչվող տարբեր հասարակական խնդիրների վերաբերյալ շուրջ հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքում անհրաժեշտ փաստերի հավաքումն է: Այս նպատակով «Կոմպասս» կենտրոնն իրականացնում է հետազոտական մրցույթ՝ Գյումրու երկու բուհերի 7-ական մասնակիցներով թիմերի միջև: Նախևառաջ մասնակիցներին դասընթացների միջոցով կհաղորդվեն համապատասխան հետազոտական հմտություններ, ապա վերջիններս, մասնագետների խորհրդատվության օգնությամբ, կիրականացնեն հետազոտական աշխատանքներ: Վերջնական փուլում մասնակիցների զեկույցները կներկայացվեն մրցութային կարգով: Ժյուրիի գնահատականներով կընտրվի հաղթող թիմը, որի աշխատանքը կտպագրվի գիտական ամսագրերից մեկում: Հետազոտական թեմաները կլինեն հասարակական կյանքի այն խնդիրների վերաբերյալ, որոնք առնչվում են երիտասարդների իրավունքների հետ: Լավագույն մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու դասընթացների արտերկրում: