Գյումրու ներդրումային միջավայրի հետազոտություն

«Կոմպասս» կենտրոնը, Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ, իրականացնում է «Գյումրու ներդրումային միջավայրի հետազոտություն» հետազոտական ծրագիրը:
Խորհրդային միության ժամանակ Գյումրին հանդիսացել է ՀՀ արտադրական և արդյունաբերական կենտրոններից մեկը և ապահովել ՀՀ համախառն արդյունքի մոտ 10 տոկոսը: Սակայն միության փլուզումից հետո տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով պայմանավորված Գյումրու արդյունաբերական հզոր ընկերությունների մեծ մասը կամ դադարեցրեցին իրենց գործունեությունը կամ գործում են չնչին հզորությամբ: Ծրագրի հետազոտական թիմի նախնական ուսումնասիրությունները վկայում են, որ ներկայումս առկաէ Գյումրու ներդրումային միջավայրի բարելավման ու նոր ներդրումների ներգրավման մեծ ներուժ, որի օբյեկտիվ գնահատումն ու արդյունավետ օգտագործումը կարող է հանգեցնել նոր ներդրումների աճին, ինչպես նաև Գյումրու տնտեսական զարգացմանը: «Կոմպասս» կենտրոնի հետազոտողների թիմի կողմից մշակվել է Գյումրու ներդրումային միջավայրի հետազոտության ծրագիր-առաջարկը, որն ուղղված կլինի Գյումրու ներդրումային միջավայրի համապարփակ հետազոտությանն ու բարելավման առաջարկների իրականացմանը: Հետազոտության նպատակն է ուսումնասիրել, վերլուծել և գնահատել Գյումրի քաղաքի ներդրումային միջավայրն ու գրավչությունը և դրանց բարելավման առաջարկների կատարման ու իրականացման միջոցով նպաստել քաղաքում ներդրումների ներգրավմանն ու տնտեսական կյանքի ակտիվացմանը: Ներդրումային միջավայրի գնահատման կիրառելի տարբեր մեթոդաբանությունների հիման վրա հետազոտական թիմի կողմից մշակվելու է յուրահատուկ մեթոդաբանություն` գնահատելու համար Գյումրի քաղաքի ներդրումային միջավայրը, որը նաև կպատասխանի ներդրումային գրավչություն ունեցող ոլորտների հնարավորությունների բացահայտման և ներդրողների մոտ հետաքրքրության առաջացմանը վերաբերող հարցերին: Կազմակերպվելու են թիմի հանդիպում-քննարկումներ, որոնց արդյունքում ամփոփվելու են հետազոտության տարբեր փուլերում ստացված արդյունքները: Առաջարկությունների փաթեթի հիման վրա կմշակվի Գյումրու ներդրումային միջավայրի բարելավման օրենսդրական փոփոխությունների և գործողությունների ծրագիր` համապատասխան պատասխանատու մարմիններով, որը կներկայացվի Գյումրու քաղաքապետարին: